Ուկրաինական կողմը ապրիլի 24-ին կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին մասնակցության հրավեր դեռ չի ստացել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Ուկրաինացի դիվանագետն ընդգծեց, որ 1915թ. իրադարձությունները հայ ժողովրդի համար մեծ ողբերգություն են եղել: Այդ կապակցությամբ Իվան Կուխտան հիշեցրեց ուկրաինական ժողովրդի  պատմության ողբերգական էջի մասին: «Ստալիինի ռեժիմի գիտակցված գործողությունների արդյունքում 4-4,5 մլն մարդ սովամահ է եղել», - նշեց դեսպանը՝ հավելելով, որ Ուկրաինան նույնպես բարձրացնում է սովամահության ենթարկելը որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը:

Հայաստանն ու Ուկրաինան ամեն ինչ կանեն, որպեսզի այդ ողբերգությունները միշտ հիշողություն մնան, որպես նման բան այլեւս երբեք չկրկնվի, հայտարարեց դեսպանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ դեռեւ տեղեկացված չէ, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին հայկական կողմն Ուկրաինայից ո՞ւմ կհրավիրի: Նրա խոսքով՝ Երեւանում Ուկարինայի դեսպանատուն հրավեր չի ստացվել: