Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 2-ին, Գալուստ Սահակյանին առաջարկեց ներկայացուցչական պատվիրակություն ստեղծել եւ գործուղել Ստեփանակերտ՝ հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին դաժան ծեծի ենթարկելու մասին դեպքը քննարկելու համար:
«Պատգամավորները, անկախ նրանից՝ ընդդիմադիր են, թե իշխանավոր, անառարկելիորեն միասնական են դառնում, երբ խոսքը վերաբերում է ԼՂՀ-ի եւ սա մեր կարեւորագույն դրսեւորումներից մեկն է: Սահմանագծին դիվերսիաների ակտիվացման ֆոնին կարծում եմ՝ անթույլատրելի է այս հարցում ներքին կյանքում որեւէ տարընթերցում թույլ տալու հնարավորությունը: Հրեշավոր դեպք է տեղի ունեցել Բերձորում, կարծում եմ, որ դա լրջագույն հարված է ԼՂՀ-ին, Արցախի պետականությանը: Հանրությունը դրա հետ կապված սպասում է պատասխանների, հանրությունը շոկի մեջ է: Առաջարկություն ունեմ ձեզ, պարոն Սահակյան, քննարկեք ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծել ու անհապաղ մեկնել Ստեփանակերտ՝ տեղում քննարկելու տեղի ունեցածը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց հարցեր տալ բացառապես օրակարգի վերաբերյալ, իսկ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ կփոձրի քննարկել այդ հարցը ԼՂՀ ԱԺ նախագահի հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:





























