Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան Ռուսաստանին մեղադրել է Դոնեցկում եւ Լուգանսկում իրավիճակը ապակայունացնելու համար։
Փետրվարի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը արձանագրել է, որ երկու շրջաններում էլ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, իսկ Վոլնովախայի, Դոնեցկի եւ Մարիուպոլի դեպքերից հետո սուգ է հայտարարվել։ Այդ կապակցությամբ դեսպանը հավաստել է, որ պաշտոնական Կիեւի դիրքորոշմամբ՝ ողջ մեղավորությունը մնում է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի «գրոհայինների» վրա։
«Այս հակամարտությունն ունի երեք կողմ, եւ առաջին հերթին՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ապօրինի զինված խմբավորումները։ Մյուս կողմը Ուկրաինայի իրավասու մարմիններն են։ Երրորդ կողմը Ռուսաստանի Դաշնությունն է»,- հայտարարել է դեսպանը՝ նշելով, որ առկա են Դոնեցկի եւ Լուգանսկի «ավազակային խմբավորոմներին» զենքի ու վարձու զինվորականների տեսքով Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ակտիվ աջակցությունն ապացուցող փաստեր։
Այն հարցին, թե ինչու հունվարի 31-ին չկայացավ կոնտակտային խմբի հանդիպումը, դեսպանը պատասխանեց, թե հանդիպմանը ժամանել էր ստորագրող կողմը, իսկ նման պայմանավորվածություն իրենք չունեին։ Ի հավելումն դրա՝ ԴԺՀ -ն եւ ԼԺՀ-ն լրացուիչ պահանջներ են ներկայացնում, որոնք անընդունելի են պաշտոնական Կիեւի եւ միջազգային կազմակերպությունների համար։
Նրա խոսքով՝ հակամարտության գոտում կիրառվում են ժամանակակից սպառազինություններ եւ կապի միջոցներ։
«Ուկրաինայի մոտ հարց է առաջանում, թե ո՞վ է գրոհայիններին զենք ստանալու հնարավորություն տալիս. Որտեղի՞ց են գրոհայինները ձեռք բերում տանկեր, զենիթային հրանոթներ, գրադեր։ Հաստատ ոչ սուպերմարկետներից»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ գերժամանակակից սպառազինությունները մատակարարում է Ռուսաստանը։





























