2014թ.-ին տեղի է ունեցել ավելի քան 3300 ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին այսօր` փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արտակ Հարությունյանը:

«Պատահարների հետեւանքով մահացել է 297 մարդ, վիրավորվել է ավելի քան 4 հազար քաղաքացի: Ունենք դեպքերի եւ մարմնական վնասվածքների աճ, սակայն զոհերի նվազում»,- ասաց Արտակ Հարությունյանը:

Զոհերի նվազումը, ՃՈ պետի խոսքով, պայմանավորված է մի շարք պատճառներով` տեսանկարահանող սարքերի առկայությունը, ճանապարհային պարկի փոփոխությունը, վարորդների նկատմամբ զսպողականությանն ուղղված քաղաքականությունը, վարորդ-հետիոտն փոխզիջման մշակույթի ձեւավորումը:

Ինչ վերաբերվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետ կապված վարչական իրավախախտումների արձանագրման դեպքերին, ապա ՃՈ հրահանգավորմամբ` ճանապարհային ոստիկաններն արձագանքել են այն խախտումներին, որոնք կարող են վթարի պատճառ դառնալ: