Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների 2015 թվականի առաջին ամսվա կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 113 տոկոս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները նույն սկզբունքով՝ պահպանելով 100 եւ ավելի տոկոս ցուցանիշը:
Տարվա ընթացքում վարչական շրջաններում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման ուղղությամբ նախատեսված են մի շարք աշխատանքներ: Մասնավորապես զեկուցվել է, որ ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով կվերակառուցվի շուրջ 94 կմ ջրագիծ, 5.2 կմ կոյուղագիծ: Բացի այդ, գարնանից կմեկնարկեն «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման աշխատանքները:
Թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ Երեւանի ավագանու անդամների հետ տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում գործընթացի կազմակերպման վերաբերյալ կոնկրետ որեւէ առաջարկ չի եղել, կազմակերպությունները հրաժարվել են նաեւ մրցույթին մասնակցությունից:





























