ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 2-ին, հանդիպել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների հետ: Նախարարը ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու պարտքի մարման վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը:
Նա նշել է, որ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են աշխատանքները «Նաիրիտ» գործարանի գույքը գրավից հանելու համար, որից հետո, հետագա գործարկման ընթացքում, գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի: Այդ կերպ հնարավոր կլինի աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել: Նախարարի խոսքով, քանի որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է «Նարիրտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը եւ փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը: Նախարարը վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարները ուղղվելու են «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը, որն ի դեպ, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար, կամ 7,2 մլրդ դրամ:
«Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի: Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացում է բոլորիս: Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում»,- ասել է Երվանդ Զախարյանը եւ հավելել. «Նաիրիտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը պատրաստել է այն ապրանքների ցանկը, որոնք մինչեւ ընդհանուր գույքը գրավից հանելը հնարավոր կլինի իրացնել: Բայց այդ գործընթացը եւս ժամանակ է պահանջում, քանի որ ցանկալի է, որ այդ գույքը իրացվի ոչ որպես ջարդոն»:
Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ, այդ ամենը հաշվի առնելով, մինչեւ փետրվարի 25-ը կվճարվի եւս մեկ ամսվա աշխատավարձ:





























