Հայաստանի Ազգային ժողովի մոտ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների ցույցն ավարտվել է երեկոյան 7-ին: Չնայած առավոտյան՝ խորհրդարանական օրվա մեկնարկին, բողոքի ցույցի հավաքված առեւտրականներին է մոտեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, 20-30 ցուցարարներ, ամեն դեպքում, որոշել են սպասել մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առեւտրականները հայտարարեցին, որ շրջանառության հարկի նոր ռեժիմն իրենց ձեռք չի տալիս. նույնիսկ հարկը մինչեւ 1%-ի իջեցնելը չի փոխհատուցի փաստաթղթաշրջանառության բոլոր դժվարությունները: «Ավելի լավ է աշխատենք 3.5%-ով, բայց նախկինի պես»,- ասաց հավաքվածներից մեկը:

Ցուցարարների խոսքով, իրենց համար սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի օրենքում ընտրության հնարավորություն լինի, թե ո՞ր խմբագրմամբ են ուզում աշխատել. հի՞ն (3.5% հարկով՝ լիբերալ փաստաթղթաշրջանառությամբ), թե՞ նոր (1%-ով, բայց խիստ):

Հիշեցնենք, որ շրջանառությունից 1%-ի չափով հարկը վերաբերում է առեւտրի ոլորտի փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտներին: