Կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունն ու ոչ իրավաչափ այլ գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն, որտեղ էլ տեղի ունենան: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:
«Ես դատապարտում եմ օրենքի խախտումն եւ քաղաքացիների նկատմամբ բռնությունը ցանկացած երկրում, առավել եւս՝ Հայաստանում եւ Արցախում»,- հայտարարեց Սահակյանը: Նա, միաժամանակ, հավելեց, որ պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղը սեփական իրավապահ մարմիններն ունի, որոնք բավական արդյունավետ են գործում:
«Մյուս կողմից, պետք չէ քաղաքական ակցիաներ ձեռնարկել պատերազմող երկրում, ինչպիսին շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղը: Եվ, իհարկե, չէի ցանկանա, որպեսզի ներքաղաքական որեւէ ակցիա կապեին ապրիլի 24-ի հետ: Այլ հարց է, որ քրեական երեւույթների դեպքում հարցը պետք է մինչեւ վերջ ուսումնասիրել»,- հավելեց խոսնակը:
Նա նշեց, որ Արցախի հետ բարեկամության միջխորհրդանական խմբի մի խումբ հայաստանցի պատգամավորներ կմեկնեն Ստեփանակերտ՝ հանդիպելու հանրապետության ղեկավարության հետ, իսկ իրավասու մարմինները կներկայացնեն կատարվածի առնչությամբ ամբողջ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը հայտարարել է Հայաստանից Արցախ ուղեւորվող ավտոերթի մասնակիցների վրա հարձակման մասին, որի արդյունքում մի քանի մարդ տուժել է, վնասվել են ընդդիմադիրները ավտոմեքենաները: ԼՂՀ ոստիկանության հայտարարության համաձայն էլ, պրոֆիլակտիկ աշխատանք է կատարվել, որի ընթացքում ակցիային մասնակիցներին կոչ են արել հրաժարվել արցախյան հասարակությունում լարվածություն առաջացրած նախաձեռնությունից:
Կազմակերպությունը հայտարարել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստանում իշխանափոխության հասնելու անհրաժեշտության մասին: Օրվա ընտրությունը հայ հասարակության շրջանում ոչ միանշանակ է ընդունվել:




























