Հայաստանի Հանրապետության հատվածում՝ սահմանին, փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանգիստ է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ, հայկական կողմը քիչ է պատասխանել կրակոցներին:

«Սահմանին լարվածությունը թուլացման միտում ունի, կրակոցները քչացել են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ հունվար ամիսը շատ լարված էր, գրեթե ամեն օր հակառակորդը ինտենսիվ խախտում էր հրադադարի ռեժիմը, երկու կողմից էլ զոհեր եւ վիրավորներ էին լինում: Դրանից հետո նախարար Սեյրան Օհանյանը որոշում կայացրեց եւ Զինված ուժերին թույլատրեց նախահարձակ լինել, հայկական կողմը անցավ պատժիչ գործողությունների, ինչից հետո սահմանին վիճակը մի քիչ խաղաղվեց: Առաջիկայում Ադրբեջանում սկսվելու են մեծ զորավարժություններ: