Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի սպանդի գործում տուժողի իրավահաջորդներ Անահիտ Ավետիսյանի եւ Ռիտա Պետրոսյանի ներկայացուցիչ է ընդգրկվելու փաստաբան Երեմ Սարգսյանը: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց փաստաբանը:
Նա նշեց, որ կապի մեջ է Անահիտի եւ Ռիտայի հետ, ամենայն հավանականությամբ նրանց մասով այսօր կներգրավի որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Տուժողի իրավահաջորդներից առայժմ միայն Ավետիսյանների հարսի հայրը չունի փաստաբան: Փաստաբանը հայտնեց նաեւ, որ այսօր կծանոթանան գործի նյութերի մի մասին:
Հիշեցնենք, որ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին եւ Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է նաեւ հանրային պաշտպան, նրանց շահերը կներկայացնի Թամարա Բաղդասարյանը: Երեկ երեկոյան տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի եւ Եգոր Ադամյանի ներկայացուցիչներ են ներգրավվել փաստաբաններ Թամարա Բաղդասարյանն ու Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են:





























