Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 2-ին ցուցմունք են տվել Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով վանաձորցի վկաները:
NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ վկաների ցուցմունքներում առկա են եղել էական հակասություններ:
«Նախաքննական եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքները չեն համընկնում: Դատարանում 3 վկաներն էլ հայտարարեցին, որ չեն տեսել, թե ով է հարվածել Դավիթին, ինչու է այգում վիճաբանություն ծագել: Ցուցմունք տված տղաներից երկուսը եղբայրներ են, պաշտոնյայի որդիներ, նրանցից մեկի անունն էլ հենց կապում են այս միջադեպի հետ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Վանաձորում լուրեր են պտտվում, որ Դավիթին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին:
Փաստաբանը հայտնեց, որ դատական նիստի ժամանակ ինքը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատախազների գործողությունների դեմ առարկություն ներկայացնելով, քանի որ կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում:
Աշխատանքային օրվա ավարտի հետ կապված նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 16-ին: Այդ օրը ցուցմունք են տալու հանդբոլի Ալավերդիի թիմի անդամները:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում`վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:





























