Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քաղաքականացված կառույց է, եւ այդ համատեքստում չի բացառվում, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության արդյունքում կայացվի ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում։ Այս մասին փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա պնդմամբ՝ այդ դատարանն, ըստ էության, հակառուսական է։ «Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո դա կարող է անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա»,- նման կարծիք է հայտնել Մելքոնյանը։ Թե հայկական և թե թուրքական կողմը գիտակցում է, որ առաջին անգամ միջազգային իրավական մարմիններում բախվում են Հայաստանն ու Թուրքիան, եւ որ քննարկման թեման Հայոց ցեղասպանությունն է։

«Սակայն անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե դատարանն իրավական որոշում կկայացնի։ Մենք պետք է հասկանանք եւ հանրությանը կոչ անենք ֆետիշի չվերածել այդ դատական  գործընթացը։ Սա Հայոց ցեղասպանության հարցով վերջնական դատը չէ, սա ընդամենը դրվագ է։ Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ Փերինչեքի, ապա դա չի նշանակում, թե հայերի պահանջն այլեւս չի բարձրացվելու, եւ մենք դադարեցնելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված մեր պայքարը»,- նշեց Ռուբեն Մՙելքոնյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ստրասբուրգում մեկնարկել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես երրորդ կողմ:

2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։