Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Կլաուս Գեր Հանսենի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձնակի կարեւորելով Երեւանում ճանապարհաշինական, այդ թվում նաեւ մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթեւեկության կանոնակարգման առումով անչափ կարեւոր էին Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում իրականացվող աշխատանքները: Անդրադառնալով Տրանշ 2-ին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, կարեւորելով Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել, որպեսզի այդ մասով աշխատանքները եւս կարճ ժամանակահատվածում գործնական ընթացք ստանան:
«Հաշվի առնելով Տրանշ 1-ի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունավետ ընթացքը՝ ակնկալում ենք, որ ԱԶԲ–ի հետ միասին կյանքի կկոչենք նաեւ Տրանշ-2-ով նախատեսված ծրագիրը, ինչն իր հերթին տրամաբանական ավարտին կհասցնի շրջանցիկ ճանապարհի կառուցման ամբողջ ծավալով աշխատանքները»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Կլաուս Գեր Հանսենը, գոհունակություն հայտնելով ծրագրի արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է բանկի համար. «Ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում իսկապես մեծ աշխատանք է կատարվել, եւ արդյունքն այսօր ակնհայտ է: Վստահ եղեք, պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում Երեւանի քաղաքապետարանի հետ աշխատանքը, քանզի մշտապես տեսնում ենք նախանշված աշխատանքները հետեւողականորեն կյանքի կոչելու պատրաստակամությունը»,- նշել է Կլաուս Գեր Հանսենը, հավելելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական:





























