Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ բիզնեսը չվճարի հարկերը, այլ կերակրի մակաբույծների՝ «տանիք» լինելու դիմաց: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ փոխանակ փոքր բիզնեսին ստիպեք խոշորից հաշիվ-ապրանքագիր պահանջել, ինչպես դա թելադրում է նոր օրենսդրությունը, ավելի ճիշտ կլինի քաղաքական որոշում կայացնել ու ասել. «Հարգելի մոնոպոլիստներ, վերջ տվեք գողությանը»:

«Հիմա մենք ասում ենք, որ եկեք այդ օլիգարխների՝ մենաշնորհատերերի դեմ պայքարենք: Եկեք պայքարենք ժողովրդի մեջ կերպավորված այդ մոնստրների դեմ: Հեղինե Բիշարյանը ելույթ է ունենում, ասում է՝ կան դրանք, բռնեք, ասում եք՝ անունները տվեք, բռնենք: Լավ, ծիծաղելի չի՞: Դուք չգիտե՞ք ովքեր են դրանք: Եկեք միասին գնանք Քյավառի, Տավուշի ամենավերջին գյուղերում կեսգիշերին մարդկանց արթնացնենք, ասենք՝ ովքե՞ր են այդ մոնստրները, նրանք անգիր, շուտասելուկի նման կասեն ովքեր են նրանք: Բա այդքան մենք կառույցներ ենք հարկատուների հաշվին պահում, որոնք պիտի ունենան դա:

Ինչի՞ եք նրանց պահում, նրանք չգիտե՞ն: Չէ, դուխները չի հերիքում, որովհետեւ քաղաքական ղեկավարության կողմից են դրանք երաշխավորված: Ի՞նչ եք դերասանություն անում ստեղ: Պատճառն այն է, որ այն փողերը, որոնք բիզնեսը պետք է հարկի տեսքով վճարի, նա վճարում է մակաբույծներին, որոնք նրան «տանիք» են կանգնում եւ ոչինչ չեն անում: Ինչո՞ւ նրանք պետք է բան փոխեն»,-ամփոփել է Հակոբյանը: