Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որ Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունն անցնի առավելագույնս թափանցիկ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

«Պետք է անել ամեն ինչ, որ կատարվածի բացասական հետեւանքներն անցնեն, ինչքան հնարավոր է արագ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է դադարեցնի հաճախակի դարձած ճնշումները, հակառակ դեպքում հետեւանքները ծանր կլինեն:

«Անհրաժեշտ է ստեղծել նոր կառավարություն, ժողովրդական վստահության կառավարություն, որը կկարողանա լուծել երկրի առջեւ ծառացած արդիական խնդիրները, այդ թվում տնտեսական»,- նշել է Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: