Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը կդրվի հանրային քննարկման: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետին կից, Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում, որը վարել է  Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը հաստատելու մասին» Երեւանի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու  հարցը:

Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հաշվետվության նախագիծը ընդգծել է, որ այն կազմվել է բացառապես գործող օրենսդրությանը համապատասխան: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաեւ Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Այնուհետ քաղաքապետի տեղակալը պատասխանել է  խորհրդի անդամների հարցերին:

Երեւանի քաղաքապետին կից, Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները քվեարկությամբ հաստատել են հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը: