Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով 2015թ. հայկական կողմն ունեցել է յոթ, ադրբեջանական կողմը՝ ավելի քան երեսուն զոհ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
«Հայկական կողմի պատասխան գործողություններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են, հակառակորդն ավելի շատ կորուստներ է ունենում, սակայն դա չի փոխում Ադրբեջանի քաղաքական ուղեգիծը»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
Պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքով՝ թեեւ սահմանային միջադեպերը նվազել են, սակայն հայ-ադրբեջանական սահմանին դեռ լարվածություն է նկատվում, անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կշարունակի կանխարգելիչ եւ պատժիչ գործողությունները։





























