Թուրքիայի իշխանությունները փոխել են իրենց պահվածքը. նրանք փորձում են Հայոց Ցեղասպանության հարցի քաղաքական լուծումը տալ կոսմետիկ մեթոդներիով: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Հայոց Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին ասաց Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Ցեղասպանությունը՝ որպես երեւույթը, առ այսօր շարունակվում է, հենց Մերձավոր Արեւելքում շարունակվում են այս տեսակ գործողությունները:
«Ցեղասպանությունը հասել է մեր հարեւան երկրներին, եւ այնուամենայնիվ, համաշխարհային հասարակության արձագանքը զարմացնում է: Գոյություն ունեն ցինիկ քաղաքական վերնախավեր, որոնք ժամանակ առ ժամանակ խաղի մեջ են դնում համաշխարհային քաղաքականության այդ գործիքը»,- ասել է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ անպատժելիությունը ծնում է նոր հավակնություններ:
Նրա խոսքով ՝այսօր մենք կանգնած ենք պատմության աղավաղման վտանգի առջեւ՝ նկատի ունենալով Թուրքիայի՝ ապրիլի 24-ին Չանաքարայի ճակատամարտի 100-ամյակը նշելու մտադրությունը:
«Թուրքիան լավ հաշվարկել է, որ եվրոպական երկրների վերնախավերն աստիճանաբար զրկվում են բանականությունից»,- եզրափակել է Վարդան Խաչատրյանը:





























