Փետվարի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը եւ շարունակելու է հետեւողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջեւ արտաքին քաղաքական համադրման հարցեր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ, վերահաստատեց ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Հանդիպմանն անդրադարձ արվեց գարնանը նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։






























