Միացյալ Նահանգներն անհանգստացած է այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով, 2015-ի հենց սկիզբից գրեթե ամեն օր գրանցվում են նոր միջադեպեր, որոնք մտավախություն են առաջացնում խաղաղ գործընթացի ապագայի համար:

«Միացյալ Նահանգները պատրաստ է կողմերին ցանկացած օգնություն ցուցաբերել: Իրոք ժամանակն է սկսել բանակցություններ, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ կարգավորմանը»,- ասել է Ուորլիքը:

Նա նշել է, թե Մինսկի Խմբի համանախագահների առաջարկները սեղանի վրա էին դրվել դեռեւս անցյալ տարի եւ իրենք հույս ունեն, որ կողմերը կընդունեն դրանք եւ մենք հնարավորություն կստանանք ուղղակիորեն աշխատել կարգավորման վրա:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները փարիզյան իրենց վերջին հանդիպման ընթացքում պարտավորվել են շարունակել եւ ավելացնել փոխադարձ շփումները: Սա մի հակամարտություն է, որն իրականում կարող է կարգավորվել միայն ամենաբարձր մակարդակով: Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումները կշարունակվեն եւ Մինսկի Խմբի համանախագահները կշարունակեն իրենց միջնորդական աշխատանքը՝ կարգավորման հասնելու նպատակով»:

«Մեզ հայտնի է, որ անցյալ տարի կայացած իրենց բանակցությունների ընթացքում նախագահները մոտեցրել են իրենց դիրքորոշումներն ու որ իրենք կրճատում են միմյանց միջեւ եղած տարաձայնությունները: Այժմ կարեւոր է, որ նախագահների բանակցությունները շարունակվեն»,- ընդգծել է Ուորլիքը: