Հարկավոր է մամուլին թույլ տալ հետեւել խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին: Այս մասին փետրվարի 4-ին ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

«Եթե հանձնաժողովի նիստերը բաց լինեն, կցրվեն դրա աշխատանքի թափանցիկության շուրջ մեր կասկածները»,- հաշվիչ հանձնաժողովի կազմի եւ դրանում խմբակցություններից անդամների հարաբերակցության շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց Արզումանյանը:

Առաջարկությունը սատարել են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ամեն դեպքում, խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի խոսքով, այս փուլում առաջարկությունն ընդունելն անհնար է, քանի որ այդ հարցը կարգավորվում է օրենսդրական մակարդակով: «Իսկ այսօրվա քվեարկությունը միայն հանձնաժողովում քաղաքական ուժերի հարաբերակցության շուրջ է»,- հավելեց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2014 թվականի ապրիլը հանձնաժողովում ընդգրկված էր 5 պատգամավոր ՀՀԿ-ից եւ 7-ը՝ ոչ իշխանական ուժերից: Այնուհետեւ, երբ ընդդիմությունը մի քանի անգամ խափանեց հանձնաժողովի աշխատանքը, հարաբերակցությունը հակառակը դարձավ: Այսօր կայացած նիստում հաստատվել է 6:6 հարաբերակցությունը: