Անթույլատրելի է հայաստանյան ներքաղաքական խնդիրներին մասնակից դարձնել Արցախի ժողովրդին: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Բերձորի միջադեպին:
«Արցախն ազատ պետություն է եւ ճիշտ չէ հայաստանյան խնդիրներին ներքաշել արցախցիներին: Երկրորդ` ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել եւ այնտեղ ամեն ինչ ասված է»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` անկախ ամեն ինչից` որեւէ մեկն իրավունք չունի մեր ներքաղաքական խնդիրները տանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Երբեք մենք մեր խնդիրներն Արցախ չենք տարել: Այնտեղ մենք այս կամ այն կուսակցության անդամ չենք ներկայացել, այլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով:





























