Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների եւ դասախոսների:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների միջեւ փոխգործակցության դրական դինամիկան ակնհայտ է` թե գիտակրթական, թե ուսանողների կապերի ու շփումների ամրապնդման տեսանկյունից, ինչը շոշափելի ազդեցություն է թողնում Արցախի կրթական համակարգի զարգացման վրա:

Արծարծվել են նաեւ Արցախի պետականաշինության գործընթացին, արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւոր է համարել  Հայաստանի մայր բուհի տեղն ու դերը որակյալ մասնագետների պատրաստման, մեր ժողովրդի գիտակրթական ներուժի զարգացման եւ ավանդույթների պահպանման գործում՝ պահանջված համարելով նրանց պարբերական այցելություններն Արցախի Հանրապետություն:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: