Տաքսիների լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքող մի քանի տասնյակ վարորդներն այսօր՝  փետրվարի 5-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ կառավարության մոտ 1 ժամից ավելի զրուցելուց հետո այդպես էլ համաձայնության չեկան նրա հետ: Տաքսու վարորդները պնդում էին, որ «Տաքսիների լիցենզավորման կարգի մասին» նոր օրենքը ձեռնտու չէ իրենց, քանի որ նոր օրենքով իրենք ամսական վճարելու են 12 000-ական դրամ (տարեկան 144 հազար դրամ), առանց սոցիալական վճարներ կատարելու, իսկ նախորդ օրենքով վճարում էին 107 հազար դրամ: Նրանց խոսքով՝ նախարարի պնդումը, որ նախկինում իրենք 196 հազար դրամ են վճարել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ եթե նույնիսկ նախարարը սոցիալական վճարումներն էլ է հաշվել, որոնք իրենք չեն կատարում, ապա միեւնույն է, սխալ թիվ է ասել:

«Մենք չենք ուզում վիրավորել նախարարին ու իր աշխատակազմին, ու չենք քննարկում՝  լավ օրենք է, թե վատ։ Հիմա մենք առաջարկում ենք 6 ամսով կասեցնել օրենքը, վարչապետին կից հանձնաժողով ստեղծել եւ մեր առաջարկած հարցերը լուծել, այնուհետեւ կասենք՝ պարոն Բեգլարյան, լիցենզիան տուր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին երկու տարվա ընթացքում վարորդների համար ծախսերն ավելացել են (տեսախցիկների, ԱՊՊԱ, կարմիր գծանշաններ եւ այլն), եւ հիմա վարորդներն ի վիճակի չեն ամսական 12 հազար դրամ վճարել:

Տիգրան Հովհաննիսյանը վստահ է, որ  նոր օրենքը չի գործի, շատերը կտուգանվեն, ինչն վրդովմունքի ավելի մեծ ալիք կբարձրացնի վարորդների շրջանում. «Երբ որ մի 100 հոգու 50 հազարով տուգանեն, բոլորը ոտքի կկանգնեն եւ նախարարը փաստի առաջ կկանգնի:Վրդովմունքը մեղմելու համար նախարարը մեզ խաշի հրավիրեց, համ էլ ասաց, որ խնդիրը կքննարկենք, բայց հիմա մտածում ենք՝ ո՞նց ենք յուրաքանչյուրս 8000 դրամ հավաքելու, որ մի նորմալ տեղ խաշ ուտելու գնանք նախարարի հետ»:

Վարորդները չեն կասկածում, որ օրենքը կարճ ժամանակ անց չեղյալ է հայտարարվելու, քանի որ չի գործելու, եւ իրենք, փաստորեն, կրկին հայտնվելու են «փորձարարական մկների» վիճակում։

Վարորդները նշեցին, որ իրենք չեն համակերպվելու նոր օրենքի հետ եւ շարունակելու են պայքարել:

Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երևան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը: