«Բանդայի գործով» ամբաստանյալ, արդեն 3.5 տարի ազատազրկման մեջ գտնվող Քյարամ Ամոյանի՝ առանձնացված մասով ընթացող դատավարությանն այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ամբաստանյալին դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու մասին փաստաբանի ներկայացրած միջնորդությունը:
Փաստաբանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ Քյարամ Ամոյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները հավասարվում են խրոնիկ հոգեկան հիվանդությունների հետ, եւ որպես կանոն՝ այս կարգի հիվանդությունները պահանջում են հարկադիր բուժում: Այդ պատճառով ինքը միջնորդում է անցկացնել դատահոգեբուժական փորձաքննություն:
«Քյարամ Ամոյանը իր հոգեկան վիճակով չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, քանի որ ի վիճակի չէ ընկալելու դատաքննչական գործողությունների իմաստը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզել՝ Քյարամ Ամոյանի հոգեկան վիճակը ինչպիսին է, արդյոք նա կարիք ունի հարկադիր բուժման, թե ոչ»,-ասաց փաստաբանը:
Գործով մեղադրող Սասուն Խաչատրյանը չառարկեց միջնորդությանը:
Քյարամ Ամոյանի հարազատները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ Քյարամը նույնիսկ ընտանիքի անդամներին չի ճանաչում:
«Դատարան բերելուց առաջ սրսկում են, նույնիսկ չի հասկանում՝ ինչ է կատարվում իր շուրջը: Տղայիս վիճակը գնալով բարդանում է, նրան պարտադիր բուժում է հարկավոր»,- ասաց Քյարամ Ամոյանի մայրը՝ Կարինե Ամոյանը:
Նշենք, որ ավելի քան 8 ամիս Քյարամ Ամոյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: 2014թ.-ի մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նոյեմբերի 10-ին քննությունը վերսկսվել է:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:





























