Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած, 4-ամյա Ելենայի հետագայում քայլելու հնարավորության մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Երեխայի մի ոտքը, մի ձեռքը ավելի լավ վիճակում են, բայց մյուս ոտքը, որի թաթը համարյա ջնջխված է, վատ վիճակում է: Ճիշտ  է՝ երեխան վերեւից շարժում է ոտքը, գիտակից է, խոսում է, բայց, այնուամենայնիվ, վաղ է խոսել երեխայի՝ հետագայում քայլելու հնարավորության մասին, քանի որ առայժմ երեխային փրկելու հարցն է քննարկվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեխայի մոտ վնասվել են երկու ոտքերն ու ձախ ձեռքը, զարկերակային անոթները։ Նախօրեին բժիշկները մոտ ութ ժամ տեւողությամբ բարդ վիրահատություն են անցկացրել՝ նրա մարմնից հեռացնելով մոտ 100 բեկոր։

Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր մորական տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը նույնպես վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն է։ Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանին: