«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոմա Գասպարյանի դեմ հարուցված գործը դեռ չի կարճվել, այն ինչպես եղել է, այդպես էլ մնում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:
Նա նշեց, որ որդու ազատ արձակվելուց հետո իրենց չեն կանչել եւ ոչ էլ ծանուցել են գործի ելքի մասին: «Երեւի իրենք էլ չգիտեն՝ ինչ անել, մի կողմի վրա են դրել, որեւէ նորություն չկա, ոչ կանչում են, ոչ զբաղվում»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ռուստամ Գասպարյանն ասաց, որ ընդամենը փոխված է իր որդու խափանման միջոցը, նա բազմիցս հարցաքննվել է, իսկ երբ հասել է առերեսումների փուլը, ազատ է արձակվել, քանի որ տուժող չկար, պատգամավորի խոսքով՝ «ոչ վկա կա, ոչ փաստ»:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել էր Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ: Ավելի ուշ նրա կալանքի ժամկետը չէր երկարացվել:
Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է, 18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ մի տարածքից մի երեխու հետ, սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»:




























