Վերջին շրջանում հայերի եւ հրեաների ընդհանուր ճակատագիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոդվածում այս մասին գրում է իտալական «Il Giornale» պարբերականը:
«Երբ Երվանդ պապը սկսեց պատմել Անատոլիայում անցկացրած հեռավոր մանկության մասին, թվաց, որ շուրջն ամեն ինչ լցվում է գյուղական տեղանքի խաղաղությամբ եւ լռությամբ:
Պտղաբեր դաշտավայրեր ու քչքչացող առուներ, հարթավայրեր ու լեռնային գյուղեր. այսպիսին էր Արտույտների ագարակը, որտեղ նա՝ ավագ որդին, վազում էր մարգագետիններում եւ այգիներում, ընկերոջ՝ Հովհաննեսի հետ սայլերից ձմերուկ էր գողանում: Նրա մայրը՝ Իսկուհին, շատ երիտասարդ էր, գրեթե աղջնակ: Որդուն սեղմում էր գրկում, իսկ հետո սկսում խաղալ…
Կորուսյալ երկրի պատմությունը… քանի անգամ են այն պատմել Մեծ Եղեռն (1915 թվականի Ցեղասպանությունը) ապրած եւ աշխարհով մեկ սփռված հայերը:
Ինչ սիրով են հիշել անհետ կորած իրենց ծնողների մասին յուրաքանչյուր մանրուքը: Եվ ոչնչով չես կարող օգնել նրանց ցավին, նրանք գիտեին այդ: Գիտեին նաեւ, որ հետդարձ երբեք չի լինելու, եւ այդ սարսափը երբեք չի մոռացվելու: Իսկ եթե խոսել են այդ մասին, ոչ ոք չի լսել: Եվ դա նույնպես նրանք գիտեին…
1915 թվականի ամռանը հայերն այդ վայրերից ընդմիշտ հեռացան: Նրանք, ում մահը չտարավ, գաղթի ճամփան բռնեցին: Այն ժամանակ այդ պատմության մասին ամբողջ աշխարհն էր խոսում, մամուլն էր գրում, այդ թվում՝ իտալական: 1915-1916 թվականների թերթերում բազմաթիվ լուրեր էին հրապարակվում հայերի կոտորածների մասին, ինչպես նաեւ հյուպատոսների, վաճառականների, ճանապարհորդների նամակներ եւ զեկույցներ, որոնք օգնում էին տառապյալներին եւ իրենց էլ զգում կատարվածի անմարդկայնությունը:
Տրապեզունդեում իտալական հյուպատոս Ջակոմո Գորրինին «Messaggero di Roma»-ին զգայացունց հարցազրույց է տվել, որը մինչեւ հիմա այդ քաղաքի հայերի ոչնչացման ամենամանրամասն նկարագրությունն է համարվում:
Բայց ինչո՞ւ է հայերի կոտորածը համարվում XX դարի առաջին Ցեղասպանությունը: Ի՞նչ ընդհանուր բան կա հրեաների ողբերգության հետ: Ի՞նչ ընդհանրություններ կան Հիտլերի եւ Էնվերի, Թալեաթի ու Ջեմալի միջեւ: Հայոց ցեղասպանությունը XIX դարի ազգայնականության թունավոր պտուղն էր: 1908 թվականի հեղաշրջումից հետո «Օսմանական գարունն» արթնացրեց Թուրքիայի երիտասարդության սրտերը, սակայն ժողովրդավարության քամին երկար չփչեց: Հայերն ու հույները, ովքեր հավատացին փոփոխություններին եւ երիտթուրքերի հետ կողք-կողքի քայլերին, շուտով կհասկանան, որ նոր ազգի մասին երազներում տեղ չի լինի հենց նրանց համար:
Թուրք պատմաբան Թանեք Աքչամը գրում է, որ «արյամբ թուրք» գերազանցության գաղափարախոսական տեսությունն արդեն մշակված էր: Եվ սկսվեց էթնիկ զտումների գործընթացը:
Առաջին աշխարհամարտի հետ միասին բարձրացավ նաեւ, այսպես կոչված, «հայկական հարցը»: Եվ այն սառնասրտորեն լուծվեց: Սպանվեց Թուրքիայի հայ բնակչության գրեթե երեք քառորդը: Լեփ-լեցուն վագոններ, գազային խցիկներ, զանգվածային սպանություններ. այս ամենն արդեն հետագայում կկիրառեն հրեաների դեմ:
Վերջին շրջանում հայերի եւ հրեաների ընդհանուր ճակատագիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում. արխիվային փաստաթղթերում, մասնավոր նամակագրություններում: Հիմա մենք սարսափում ենք՝ տեսնելով, թե ինչպես տեսախցիկի առջեւ գլխատում մարդկանց: Իսկ հայերի պատմական հիշողության մեջ վաղուց կա կտրված գլուխների առջեւ կեցվածք ընդունող դահիճների պատկերը:
Ահա 1915 թվականի ստվերը, չարիքի այն անդունդը, որտեղից, թվում է, հնարավոր եղավ դուրս գալ: Ամեն դեպքում, կյանքում միշտ ընտրության հնարավորություն կա, ինչպես իր գոյատեւմամբ դա ապացուցեց հայկական սփյուռքը»:





























