Անկախ նրանից կմիանան մյուս խմբակցությունները, թե ոչ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կընտրի Ազգային ժողովի այս քառօրյան բոյկոտելու տարբերակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ քառօրյան մեկնարկելու է փետրվարի 22-ին, մինչեւ այդ ժամանակ ունեն խորհրդակցելու իրենց գործընկերների հետ: «ԲՀԿ քաղխորհուրդը դիմել է խմբակցությանը՝ բոյկոտելու ԱԺ աշխատանքները, մինչեւ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցած զազրելի, խայտառակ, անամոթ միջադեպի իրական պատվիրատուները եւ իրական կատարողները չկանգնեն պատասխանատվության առաջ: Մենք կհետեւենք ԲՀԿ քաղխորհրդի առաջարկին: Այն ինչ կատարվում է Հայաստանում, օրենքից դուրս է, իշխանությունը, ըստ էության, մերժում է կոմպրոմիսի ցանկացած առաջարկ եւ ասում է՝ ցանկացած քայլի պատասխանելու է ահա այսպիսի մեթոդներով, սա հոգեվարքի մեջ գտնվող իշխանության վերջին պատասխանն է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել մի երկրում, որն արդեն սահուն կերպով «ապահով Հայաստանից» վերածվում է «գանգստերական Հայաստանի»: «Ամեն րոպե կարող են շատ լուրջ եւ սուր զարգացումներ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, երբ մարդկանց առեւանգում են, տանում, ժամերով ծեծում են, երբ հարձակվում են մեքենանների վրա, կանանց եւ երեխաներին են ծեծում, խիստ անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքներ կարող են լինել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։
Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն էր տարածել՝ խմբակցությանը առաջարկելով բոյկոտել ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները:


























