Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, փետրվարի 8-ին, որպես գլխավոր հյուր, մասնակցեց եւ ելույթ ունեցավ Շվեդայի ասորիների միության կողմից կազմակերպված երեկոյին՝ նվիրված ասորի դասական գրող, հասարակական գործիչ Նաում Ֆաիքի հիշատակին։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ հայ-ասորական պատմական, կրոնական եւ մշակութային կապերին, ներկայացրեց Հայաստանում բնակվող ասորիների վիճակը, խոսեց Սփյուռքում երկու համայնքների փոխգործակցության մասին։

Ելույթի հիմնական մասը նվիրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին։

Դեսպանն ընդգծեց, որ 1915թ. Ցեղասպանության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունը համապատասխան պայմաններ է ստեղծում մեր օրերում մարդկության դեմ նման հանցագործությունների իրականացման համար։ Որպես դրա վառ օրինակ` մատնանշվեցին Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի հետեւանքով տարածաշրջանի հայ, ասորի, եզդի եւ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացվող ոճրագործությունները։

Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջազգային արշավը, ինչի լավագույնս իրականացմանը նպաստելու համար կարեւոր է Շվեդիայում եւ այլ երկրներում հայ եւ ասորի համայնքների միջեւ առկա համագործակցության ամրապնդումը եւ համատեղ ձեռնարկների իրականացումը։

Դեսպանի ելույթը լայնորեն լուսաբանվեց շվեդական լրատվամիջոցներով։