Իտալացի հանրահայտ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի փետրվարի 5-ին նախատեսված համերգը հանվեց, քանի որ դաշնակահարը պատրաստ չէր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում վերջին օրերին բարձրացված աղմուկը:
«Իրենք իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել, ես էլ իրավունք ունեմ կարծիք չհայտնել: Հարգելով մեր հանդիսատեսին, հարգելով ինքներս եւ հաշվի առնելով որ դաշնակահարը այդ վայրկյանին պատրաստ չէր ուղղակի, նյութը պատրաստ չէր, մենք արեցինք մի փոքր ժողով, որի ընթացքում դաշնակահարը ասաց, որ չի ցանկանում համերգ լինի, համերգը հանվեց, այսքան բան կարող եմ ասել: Իր միակ խնդրանքը այն էր, որ հանկարծ Հայաստանից դուրս այս միջադեպի մասին չիմանան, հիմա թե ինչ են խոսում իրեն հրավիրող մարդիկ, դա իրենց խնդիրն է, թատրոնը պատասխանատվություն չի կրում»,-ասաց Կարեն Դուրգարյանը: Իսկ թե ինչ ծեծկռտուք է եղել, նա նշեց, որ տեղյակ չէ, միգուցե այդ ժամանակ ներկայացման է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր իտալացի հռչակավոր դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը սկսվելուց մոտ երկու ժամ առաջ չեղյալ է հայտարարվել: Ըստ պաշտոնական տեղեկության` պատճառը դաշնակահարի վատառողջ լինելն էր, սակայն իրականում համերգի ձախողումն ուղեկցվել է սկանդալով: Անտոնիո Կոնսալեսի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը միջադեպի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Երբ ես մտա թատրոն եւ տեսա, թե ինչ շիկացած մթնոլորտ է այնտեղ եւ թե որքան վիրավորված է Կոնսալեսը, ես հարցրեցի, թե ինչ է պատահել եւ ով է վիրավորել դաշնակահարին: Ոչ մի պատասխան չստանալով` ես բարձրացրեցի ձայնս, որից հետո օպերային թատրոնի հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը ասաց` ինչի ես գոռում, ես էլ ասացի` լավ եմ անում, եւ այդպես սկսվեց քաշքշոցը: Այսինքն` ծեծկռտուքը չի եղել համերգի ձախողման պատճառը, ինչպես գրվեց, այլ այն եղել է դրա հետեւանքը»,-նշեց Դավիթ Խաչատրյանը` հավելելով, որ «դեռ քիչ է արել»:





























