Հայաստանում գործող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները մասնակցելու են հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից հայտարարվելիք՝ Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ հեռուստաընկերությունների (հ/ը) պատասխանատուների հետ զրույցում: «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանն ասաց, որ «Երկիր մեդիան» անպայման մասնակցելու է մրցույթին, քանի որ այդ հեռուստաընկերությունը կարեւոր դեր ունի հեռուստատեսային դաշտում: Հարցին, թե ծրագրային ինչ փաթեթով են պատրաստվում ներակայանալ՝ Մանուկյանն ասաց, «Թեեւ «Երկիր մեդիայի» ծրագրային քաղաքականությունը հասարակական, քաղաքական, լրատվական ծրագրերն են, սակայն շատ ավելի բազմաժանր ծրագրերով հագեցած մրցութային հայտ է ներակայացնելու»: Գեղամ Մանուկյանը համոզված է, որ «Երկիր մեդիայի» ներկայացրած փաթեթն ու աշխատանքը շատ մրցունակ է: Նրա խոսքով՝ ոլորտային առումով շատ քիչ հ/ը-ներ կարող են մրցել «Երկիր մեդիայի» հետ, ինչը հուշում է, որ այդ հ/ը-ն կհաղթի մրցույթում:
«Հ2» հ/ը «Լրաբեր» ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյան էլ ասաց, թե քանի դեռ մրցույթը չի հայտարարվել, վաղ է ասել՝ մասնակցելո՞ւ են դրան, թե՞ ոչ: «Հավանաբար պետք է մասնակցենք, ինչու չէ»,-ասաց Գեւորգյանը՝ հավելելով. «Մենք գործող հեռուստաընկերություն ենք, եւ համենայնդեպս, մրցույթին չմասնակցելու կամ մեր գործունեությունը դադարեցնելու նպատակ չունենք»: Հարցին՝ ունե՞ն ծրագրային փաթեթ՝ մրցույթին ներկայացնելու համար, Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ երբ մրցույթը հայտարարվում է, ժամանակացույց է սահմանվում, որի ընթացքում հեռուստաընկերությունները պետք է պատրաստվեն մրցույթին՝ փաթեթ պատրաստեն եւ այլն: Այսինքն, գետը չտեսած ժամանակից շուտ բոբիկանալը կարծում եմ սխալ է»:
Մոտ 8 տարի առաջ եթերազրկված եւ դրանից հետո հայտարարված բոլոր մրցույթներին մասնակցած ու պարտված «Ա1+» հ/ը տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն էլ հայտնեց, որ «Ա1+»-ը անպայման մասնակցելու է մրցույթին, ինչպես բոլոր նախորդ մրցույթներին եւ ներկայացնելու է լրատվական ուղղվածության ծրագրային փաթեթ: «Ես ենթադրում եմ, որ դա «Եվրոնյուս» ալիքի հաճախության մրցույթը կլինի: Եթե այդ հնարավորությունը չլինի, ուրեմն ստիպված մենք պետք է վերապրոֆիլավորվենք ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերության»,-նշեց Մովսեսյանը: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մրցույթում հաղթելու շանսերը՝ Մովսեսյանը պատասխանեց, թե մրցույթին մասնակցելու են հաղթական տրամադրվածությամբ:
«Արմենիա» հ/ը լրատվական ծրագրի ղեկավար Գագիկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ մասնակցելու են մրցույթին, եւ համապատասխան աշխատանքային խումբն աշխատում է հ/ը-ի կողմից ներկայացվելիք փաթեթի վրա: «Շանթ»-ի լրատվական բաժնից նույնպես փոխանցեցին, որ մասնակցելու են մրցույթին:
Նշենք, որ ըստ համապատասխան կարգի, ՀՌԱՀ-ը մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերը ընդունում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 83-ից մինչեւ 93-րդ օրը ներառյալ (հոկտեմբերի կեսերին-խմբ.): Հանձնաժողովը մրցույթ հայտարարելուց հետո մինչեւ 95-րդ օրը իր կայքէջում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը, իսկ մրցույթում հաղթող ճանաչելու որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա` քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ մրցույթի արդյունքում 2011թ. հունվարից 22-ի փոխարեն կհեռարձակվի 18 հեռուստաընկերություն: Այսինքն, գործող հեռուստաընկերություններից 4-ը եթերազրկվելու է: Օրենքով նախատեսվում է, որ 18 հեռուստաալիքներից 2-ը հատկացվելու են հանրային հեռուստաընկերությանը, 5 հաճախություններով վերահեռարձակվելու են օտարերկրյա հեռուստաալիքներ, 3-ը հատկացվելու է ժամանցային ուղղվածություն ունեցող հեռուստաընկերություններին, 1-ը ունենալու է մանկապատանեկան ուղղվածություն, 1-ը` մարզային եւ ընդամենը 5 հաճախություններն են ունենալու ընդհանուր ուղղվածություն:
Թե որո՞նք են լինելու փակվող չորս հեռուստաընկերությունները՝ հայտնի չէ, սակայն, ըստ լուրերի, դրանք լինելու են «ԱԼՄ»-ն, «TV5»-ը, «Երեւան»-ը եւ «Ար»-ը:




























