Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է «Եվրոնյուզ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ «Եվրոնյուզ»-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է եւ ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին:
«Եվրոնյուզ»-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, ինքն անչափ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ, մշակույթով եւ այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:
Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ Հայաստանում «Եվրոնյուզ» հեռուստաալիքը կարեւոր դերակատարում ունի մեր երկրի եվրաինտեգրման եւ Եվրոպայի մասին տեղեկատվության տարածման առումով:




























