Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 03.00-ի սահմաններում, մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը:
Նա նշեց, որ հիվանդը այդպես էլ շոկային վիճակից դուրս չեկավ, վերքերը կյանքի հետ համատեղելի չէին, մարմնի 70 տոկոսը այրված էր, 4-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել, երիկամները չէին աշխատում, իսկ գիշերն արդեն մահացել է սիրտ-անոթային համակարգի կանգնելու պատճառով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին:
Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 47-ամյա Ա եւ 9-ամյա Ֆ. Ն.-ներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)։





























