«Մալաթիա» բժշկական կենտրոնում անցած տարվա աշնանը առանց ձեռքի թաթիկների եւ ոտնաթաթի ծնված փոքրիկ Ռաֆայելը մշտապես գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը:
«Երեխան գտնվում է «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության խնամքի տակ, ըստ հերթականության, ստանում է բոլոր պատվաստումները: Երեխայի աճը նորմալ է ընթանում, այս պահին երեխան կշռում է 5 կգ 300 գրամ»,- ասաց Անուշ Դանիելյանը:
Նշենք, որ փոքրիկի ծնվելուց հետո շատ քաղաքացիներ ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարեցին, որ պատրաստ են որդեգրել: Սակայն որդեգրման մասին դեռ տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում 2014թ.-ի աշնանը կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի եւ մեկ ոտքի թաթի: Այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտարձայնային հետազոտության է ենթարկվել:





























