Ամենածեր ավստրալացին՝ 109-ամյա Ալֆրեդ Դեյթը, իր ժամանակն անցկացնում է պինգվինների համար շապիկներ գործելով: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը, գործվածքներն անհրաժեշտ են եղել Ֆիլիպ կղզում գտնվող Պինգվինների օգնության հիմնադրամին:

Ըստ Դեյթի, երբ նա անցյալ տարվա մարտին ժամանել էր Նոր Հարավային Ուելսի Կենտրոնական ծովափին գտնվող ծերանոց, բուժքրոջը հարցրել էր, թե ինչպես կարող է օգտագործել իր հմտությունները: Այդ ժամանակ նրան առաջարկել են արձագանքել հիմնադրամի խնդրանքին եւ շապիկներ գործել պինգվինների համար:

Տղամարդը, ով գործել էր սովորել 80 տարի առաջ, ակտիվորեն անցել է գործի, իսկ ստացված արդյունքները հիմնադրամը հրաշալի է անվանել: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող բարի մարդկանց շնորհիվ հնարավոր է եղել շապիկներ գործել 32,000 պինգվինից կազմված գաղութի համար, հաղորդում է The Daily Mail-ը:

Հիմնադրամում նշել են, որ շապիկները պետք է պինգվիններին պաշտպանեն նավթի արտահոսքի հետեւանքներից, որոնց պատճառով թռչունները սառչում են եւ չեն կարողանում որսով զբաղվել: 2001թ. նավթի արտահոսքի հետեւանքով տուժել էր 438 թռչուն, սակայն շապիկների միջոցով հնարավոր եղավ փրկել նրանց 97%-ին: