Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը համեմատաբար լավ վիճակում է, ջերմություն չունի, ինքնազգացողությունը լավ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնից:
Նրանց փոխանցմամբ՝ Արսենը ստացիոնար բուժում է ստանում:
«Փսորիազն այնպիսի հիվանդություն է, որ կրկնվում է եւ պարբերաբար բուժման անհրաժեշտություն է առաջանում: Հիմա Արսենի մոտ ամեն ինչ նորմալ է, միայն նյարդերի հետ կապված խնդիր կա, դա էլ հասկանալի է՝ սթրեսի հետեւանք է»,- ասաց բուժող բժիշկը:
Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ Արսեն Խոջոյանը հոսպիտալացվում է: Անցած տարվա օգոստոսից նա պարբերաբար բուժում է ստանում կենտրոնում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:





























