Կամայականությունն անթույլատրելի երեւույթ է ցանկացած ԲՈՒՀ-ում։ Այս մասին փետրվարի 12-ին Կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  (պոլիտեխնիկ) ռեկտորի եւ ուսխորհրդի նախագահի միջեւ տեղի ունեցած միջադեպը։

Նախարարությունն ու անձամբ նախարարը իրենց անհանգստությունն են հայտնում այն կապակցությամբ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում սա արդեն առաջին դեպքը չէ, երբ համալսարանում սկանդալ է տեղի ունենում։ ԲՈՒՀ-ի ղեկավարության խնդիրն է պահպանել իր բարի համբավն ու վերականգնել ուսումնական բնականոն գործընթացը։ «Հուսամ, մոտ ժամանակներս հարցը վերջնականապես կկարգավորվի։ Ոչ մի ռեկտոր կամ պրոֆեսոր կամ ուսանող չի կարող իրեն օրենքից վեր դասել»,- ասել է Աշոտյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ ռեկտորն առաջին անգամ չէ ուսխորհրդի նախագահի ազդեցության տակ սխալ արարքներ թույլ տալիս։

Հիշեցնենք, որ համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի խոսքով՝ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ցանկանում է ուսանողներին զրկել ինքնակազմակերպման իրավունքից։