Միգրացիոն արգելք ունեցող ՀՀ քաղաքացիները, ըստ «Բնակչության զբաղվածության մասին» օրենքի, ռիսկի ենթակա անձիք են եւ օգտվում են սոցիալական ծառայությունների առաջնահերթություններից: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Միգրացիոն արգելք ունեցող քաղաքացիները ռիսկի ենթակա անձիք են, ընդգրկվում են զբաղվածության պետական ծրագրերում, այդ թվում՝ ուսուցման, վերամասնագիտացման: Նախատեսվում է միգրացիոն ռիսկ ունեցող մարդկանց ընդգրկել այդ նաեւ զբաղվածության ակտիվ ծրագրերում, որոնք այս տարի ավելի մեծ թիվ են կազմում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նշենք, որ ՌԴ մուտքի արգելքի դեմ բողոքող՝ Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր կրկին Կառավարության մոտ էին: Նրանք Կառավարությունից խնդրում են օգնել իրենց լուծել խնդիրը: