Ոչ մի պետական մարմին չի բացատրում, թե ինչպես կարելի է հայտ ներկայացնել Ռուսաստան մուտքի արգելքի վերանայման համար։ Այս մասին հայտարարել են փետրվարի 12-ին Կառավարության շենքի մոտ ցույցի հավաքված աշխատանքային միգրանտները։ Ցուցարարների մոտ է դուրս եկել Կսռավարության աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։
«Թող մեզ ասեն, թե որքան է պետք սպասել։ Ասեք մի տարի, ես կսպասեմ։ Միայն թե իմանանք։ Կարելի է սպասել, իսկ հետո նորից գնալ աշխատելու»,- հայտարարել է ցուցարարներից մեկը։ Շիրակի մարզի բնակիչ մեկ այլ ցուցարարի խոսքով՝ Ռուսաստանում վարչական իրավախախտումների պատճառով իրենք չեն կարողանում աշխատանքի անցնել Բելառուսում եւ Ղազախստանում։ «Մեզ ասում են, որ մուտք գործելու կարգը հիմա ընդհանուր է Եվրասիական միության համար։ Բայց հիմա մենք էլ ենք այդ միության անդամ։ Նշանակում է, որ մեզ համար պետք է այլ կարգ լինի»,- ասում է ցուցարարներից մեկը։
Դրան ի պատասպան՝ Ղազարյանը հայտարարել է,որ աշխատանքային միգրանտների բողոքները կքննարկվեն, իսկ համապատասխան պետականմարմիններն արդեն լուծումներ են փնտրում։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-13-ը աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Մասնավորապես նա պլանավորում է իր ռուս գործընկեր Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ քննարկել Ռուսաստան մուտք գործելու արգելքը հանելու վերաբերյալ հայտ ներկայացնելու հարցը։ 2014թ. Ռուսաստանում խստացվել էր օտարերկրյա քաղաքացիների կողմից ՌԴ օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողությունը։ Տարբեր բնույթի խախտումներից կախված՝ տարբեր քաղաքացիների համար նախատեսված է մինչեւ 10 տարի ժամկետով Ռուսաստան մուտքի արգելք։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ արգելքը գործում է մոտ 3 մլն մարդու համար, որոնցից 50-60 հազարը կարող են լինել ՀՀ քաղաքացիներ։





























