«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանի 78-րդ հորիզոնականը պահպանլը ճիշտ է, խոսքի ազատության առումով հետընթաց չի արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Նա նշեց, որ վերջին տարիներին «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության գնահատականներին վերապահումներով էր վերաբերում, դրանք հակասում էին այլ միջազգային կազմակերպությունների գնահատականներին, օրինակ՝ «Freedom house»-ին, որտեղ Վրաստանը մամուլի ազատության առումով կիսազատ էր համարվում, իսկ Հայաստանը՝ ոչ ազատ, իսկ ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության՝ մեր մոտ վիճակը ավելի լավ է, քան Հայաստանում:
«Այս տարի ամեն ինչ տեղը ընկավ: Մեր մոտ վատթարացում չկա, Վրաստանի դեպքում առաջընթաց կա»,-ասաց Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ ԽԱՊԿ-ի տարեկան զեկույցում երեւում է, որ բավականին շատ են եղել ֆիզիկական բռնության դեպքերը, դրանից բացի տարին նշանավորվեց նաեւ ֆեյքերի մասին օրինագծով, լրատվամիջոցներին աղբյուրը բացահայտելու վերաբերյալ պահանջներով, որոնք բավարարվեցին դատարանում, ինչը թաքնված գրաքննության դրսեւորում էր:
Նա նշեց, որ իմաստ չկա խոսքի ազատության առումով համեմատվել Ադրբեջանի հետ, այն պայմանները, որ գործում են այնտեղ, որեւէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ, պետք է բարձր դիրքեր զբաղեցնողների հետ համեմատվել, օրինակ՝ մերձբալթյան երկրների հետ, որոնք հետխորհրդային երկրներ են, բայց բարձր դիրքեր են գրավում խոսքի ազատության առումով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքսում» պահպանել է նախորդ տարվա իր դիրքերը եւ զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում։
Ադրբեջանը կորցրել է 2 հորիզոնական եւ զբաղեցրել 162-րդ տեղը՝ դրանով իսկ հայտնվելով վատագույն ցուցանիշներ ունեցող 25 պետությունների ցուցակում։





























