Եվրամիությունը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ կարեւոր գործընկեր։ Այս մասին փետրվարի 12-ին «Եվրամիությունում Լատվիայի նախագահության առաջնայնություններն ու Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» թեմայով կոնֆերանսի ժամանակ  հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։

«Վիլնյուսում կողմերը համաձայնության են եկել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր շրջանակներ սահմանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու շուրջ։  Մենք շարունակում ենք ակտիվորեն մասնակցել «Արեւելյան գործընկերության» ծրագրի հարթակներին։ Հունվարի 20-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն Համագործակցության խորհրդի նիստ։ Հայաստանի եւ ԵՄ համագործակցության առանցքային ուղղություններից մեկը Երեւանում եւ Բրյուսելում անցկացվող մարդու իրավունքների թեմայով քննարկումներն են»,-  նշել է Նազարյանը։ Նա նաեւ գոհունակություն է հայտնել, որ այդ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները արձագանք են գտնում մեր երկրի գործընկերների կողմից։