Գերմանիայում եվրոպական խոշորագույն Lufthansa փոխադրողի «դուստր» Germanwings ավիաընկերության օդաչուները գործադուլ են հայտարարել:

Գործադուլը տեւելու է մինչեւ շաբաթ: Իսկ մինչ այդ, արդեն չեղյալ է հայտարարվել 160 չվերթ, առաջին հերթին՝ ներգերմանական: Ավիափոխադրողի ներկայացուցչի խոսքով, եւս 180 չվերթ չի կայանա ուրբաթ: Նախապես երկու օրվա կտրվածքով շուրջ 900 չվերթ էր ծրագրված:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, գործադուլն առնչվել է, առաջին հերթին, Բեռլինին, Քյոլնին, Բոննին, Դյուսելդորֆին, Համբուրգին եւ Շտուտգարդին: Գործադուլի մասին հայտնի էր նախապես, այդ պատճառով բազմաթիվ ուղեւորներ հասցրել են վերադարձնել տոմսերը կամ դրանք փոխել գնացքի տոմսերի հետ:

Օդաչուները գործադուլի են դուրս եկել Vereinigung Cockpit e.V. արհմիության կոչով, որը ներկայացնում է գերմանական ավիափոխադրողների շուրջ 9.300 օդաչուների եւ ինժեներների շահերը: Դրան նախորդել են սակագնային փոփոխությունների համաձայնության շուրջ տապալված բանակցությունները, որն արհմիությունը վարում էր Lufthansa-ի ներկայացուցիչների հետ: