Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով եւ բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Երեւանում Էմիրությունների դեսպանության հիմնումը, ինչը նրա բնորոշմամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարեւոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Ալ Կասեմին նշեց, որ Երեւանում դեսպանության հիմնումը վկայում է Էմիրությունների կողմից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը տրվող կարեւորության մասին եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ հարաբերությունների ամրապնդման համար։

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացմանը: