Ես ձեռնպահ կմնամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության կապակցությամբ որեւէ հայտարարություն անելուց։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը (ֆոտոռեպորտաժ

«Ես ինքս ԱՄՆ Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական հարթակում ընդունված է միմյանց վատ արտահայտություններով դիմել։ Բոլոր ամերիկյան դեսպանատների համար ընդունված է, որ նրանք աշխատում են քաղաքական դաշտի բոլոր առաջնորդների հետ։ Դեսպանատունը շարունակում է աշխատել քաղաքական առաջնորդների, իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Հայաստանում ժողովրդավարության ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ երկրում կա ընդդիմություն, իսկ ընդդիմությունը կարող է ազատ շփվել դեսպանատների հետ։ Սա կարեւոր մաս է, եւ այն պետք է պահպանել»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործընթացներին՝ դեսպանը նշել է, որ ժողովրդավարության պարագայում, եթե նախագահը հետաքննություն անցկացնելու մտադրություն է հայտնում, ապա ամեն բան պետք է լինի պարզ եւ թափանցիկ՝ երկրի օրենքներին համապատասխան։  «Նախագահ Սարգսյանը գիտի այդ մասին, եւ նա գիտի նաեւ, որ եթե մեզ անհանգստացնող հարցեր առաջանան, մենք դրանք կբարձրացնենք»,- եզարափակել է Ռիչարդ Միլզը։

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։