ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն միջոց, սակայն պետք է նշել, որ այն միջնորդ մարմին է եւ չի կարող որեւէ մեկին որեւէ բան պարտադրել։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նոր արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։

Անդրադառնալով այն հարցին, թե որ երկրի հետ է ավելի շատ իր հույսերը կապում ԱՄՆ –ն Հարավային Կովկասում, հաշվի առնելով ամերիկյան կողմի այն հայտարարությունները, թե Ադրբեջանը ԱՄՆ ռազմավարական դաշնակիցն է, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ, պետք է սկսենք նրանից, որ ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հակամարտությունը չի կարող լուծվել բռնության կամ պատերազմի միջոցով։ Մենք լրջորեն անհանգստացած ենք լարվածության ուժեղացմամբ։ ԱՄՆ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կքննադատեն բռնության ցանկացած դրսեւորում, քանի որ դա կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում է։ ԱՄՆ-ն հարաբերութուններ ունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Մենք ասում ենք մեր գործընկերներին, որ խնդրի կարգավորմանը պետք է հասնել խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է Ռիչարդ Միլզը։