Երեւանի «Միկա» մարզապալատում այսօր՝ հուլիսի 17-ին մեկնարկել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մրցանակների խաղարկությունը, որը նվիրված է նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին։
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի եւ Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության կազմակերպած մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Արցախի պատանի սամբիստները։ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մասնակիցների մեջ պետք է լինեին նաեւ Ուկրաինայի եւ Հունաստանի մարզիկները, սակայն ուկրաինացիները վերջին պահին չեն կարողացել ժամանել, Հունաստանի թիմն էլ ուշացումով է ժամանել Թբիլիսի եւ արդեն չի հասցնի մասնակցել մրցաշարին։
Մրցումներից առաջ «Միկա» մարզապալատում տեղի ունեցավ նաեւ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ Հայաստանից եւ Վրաստանից։ Մրցումները բացված հայտարարեց Հայաստանի սամբոյի պատվավոր նախագահ Զորի Բալայանը։ Ներկա էին նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը։




























