«Իմ ֆիլմերում անձնական մակարդակով ես արտահայտում եմ իմ վերաբերմունքը Թուրքիայի ներքին եւ հարեւանների հետ ունեցած արտաքին խնդիրների վերաբերյալ»,- հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրք կինոռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն:

«Ես, որպես ռեժիսոր, կարծում եմ, որ քաղաքական խնդիրներն ավելի շատ մարդկանց սրտի մեջ են։ Քաղաքականությունը ոչ մի բան չի լուծի, սակայն ֆիլմը գուցե որեէ զգացողություն կարողանա արթնացնել, անուններ  եւ մարդկանց հրապարակ բերել»։-ասաց ռեժիսորը։

Ի  տարբերություն «Ոսկե ծիրանի»  մեկ այլ մասնակցի, դարձյալ ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի, ով  կարծում է, որ  հայ-թուրքական հակամարտության հիմքում վախն է  ընկած, Կապլանօղլուն ասաց. «Ըստ իս՝  վախ չկա, կա մի բան, որը թաքցրած է, ծածկված է, եւ ժողովուրդն անտեղյակ է։ Պետք է դա հիշել եւ կրկին անվանակոչել։ Սառեցված ու մոռացված մի ցավ կա, որի մասին պետք է խոսել»,-ասաց Կապլանօղլուն։

Հանդիպման վերջում թուրք ռեժիսորն ասաց, որ կուզեր իր ընկերը՝ Հրանտ Դինքը, ականատես  լիներ այս ամենին։

Նշենք, որ  Սեմիհ Կապլանօղլուն առաջին թուրք մտավորականներից էր,  ով մասնակցեց վիրտուալ ստորագրահավաքին։ Դրանով նրանք ներողություն էին խնդրում քսաներորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար:

Կապլանօղլուն Հայաստանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ընգրկված է ժյուրիի կազմում։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել է նաեւ նրա վերջին՝ «Մեղր» ֆիլմը, որ Բեռլինյան փառատոնում մրցանակի էր արժանացել։