Հնդկաստանի մայրաքաղաքի Նախագահական պալատի Մոգոլյան այգիները բաց են այցելության համար: Մեծ Մոգոլների կայսրության բազմաթիվ այգիներին նմանության շնորհիվ իրենց անվանումը ստացած Մոգոլյան այգիներում այս տարի 6 գույնի՝ կարմիր, վարդագույն, դեղին, մանուշակագույն, կարմրադեղին եւ կարմրաճերմակ 10 հազար կակաչ է բացվել: Դրանք, ինչպես նաեւ արհեստական ավազանը, այցելուները հնարավորություն ունեն տեսնել առաջին անգամ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այգիները հյուրեր կընդունեն մինչեւ մարտի 15-ը:
Նախագահական պալատի կառուցումը սկսվել է 1911 թվականին, երբ որոշվել է Հնդկաստանի մայրաքաղաքը Կալկաթայից փոխադրել Նյու Դելի: Շինարարությունն ավարտվել է 1929 թվականին: Սա աշխարհում ամենամեծ նախագահական նստավայրն է: 154 հեկտարից 139-ում ծառեր եւ մի քանի տասնյակ հազար ծաղիկներ են աճեցնում:
Այգիներում գերակշռում են վարդերը՝ 120 տեսակ, այդ թվում՝ մի քանի տեսակ, որոնք աճեցրել են Հնդկաստանում եւ կոչել հայտնի մարդկանց անուններով:
Մոգոլյան այգիներն այցելուների առջեւ բացվում են ամեն տարի գրեթե նույն ժամանակահատվածում. փետրվարի կեսերից մինչեւ մարտի կեսը: Անցյալ տարի այգիները գրեթե 600 հազար այցելու են ունեցել, ինչը երկու անգամ ավելի է, քան 2006 թվականին:





























