Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենային օրերս Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են տրավմատալոգիայի բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ երեխայի վիճակն արդեն կայուն է, վերքերից չնչին արտադրություն կա, երիկամները նորմալ են: Բժիշկն ասաց, որ երեխայի հետ աշխատում են հոգեբանները, քանի որ նա անընդհատ հիշում է այդ ծանր դեպքը:

Նշենք, որ փետրվարի 6-ին 4-ամյա Ելենային վիրահատել էին, հեռացրել ձախ ոտքի թաթը։

Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր մորական տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը նույնպես վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն: Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, որն իր ինքնախոստովանական ցուցմունքում ասել է, որ խանդի հողի վրա է արել այդ ամենը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետեւանքով Անահիտ Խ.-ն եւ 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանին: